-Պարոն Խաչատրյան, դժվար է պատկերացնել հուլիսյան երկրորդ շաբաթը՝ առանց ոսկեծիրանյան փայլի, բայց իրավիճակն այլ ելք չի թողնում: Շատ մասշտաբային իրադարձություններ աշխարհում ստիպված եղան փոփոխել իրենց ավանդական ձևաչափերը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բացառություն չէ նաև «Ոսկե ծիրանը»: Փառատոնը նախատեսված է մասամբ անցկացնել հուլիսին, մասամբ՝ նոյեմբերին: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ կարող է ակնկալել «Ոսկե ծիրանին» ամեն տարի անհամբերությամբ սպասող հանդիսատեսը:
-Գիտեք, որ ես արդեն երրորդ տարին է՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենը չեմ: Խորհրդանշորեն նախագահ եմ կոչվում, բայց չեմ ուզում շատ խառնվել կազմակերպչական, ֆինանսական, շատ այլ հարցերի: Իհարկե, երբ զգացվում է կարիքը, ես իմ փորձը, ծանոթությունները, կապերը օգտագործում եմ ի շահ փառատոնի, օգնում եմ իմ կոլեգաներին: Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված այս տարվա վիճակին, պիտի ասեմ, որ այն շատ խանգարեց փառատոնին: Ես սիրում եմ կենդանի, ապրող, տոնական փառատոնը՝ «Fiesta»-ի պես: Բայց հիմա, ինչ էլ որ լինի, չի կարելի այսքան երկար ապրած փառատոնը չեղարկել, մոռանալ, հետաձգել, կորցնել: «Ոսկե ծիրանը» իմ և իմ ընկերների՝ Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի զավակն է. երեքով ենք ստեղծել և հասունացրել այն, հասցրել համաշխարհային ճանաչման: Աշխարհը այս փառատոնի շնորհիվ կապվել է մեր երկրի հետ, ճանաչել ու սիրել Հայաստանը, հայկական կինոն: Մանավանդ, այս վերջին մեկ-մեկուկես տասնամյակում կինոյի ունեցած հաջողությունները հիմնականում կապված են «Ոսկե ծիրանի» հետ: Երբ կինոփառատոնն սկսեց իր գործունեությունը, Հայաստանում կինո չէր նկարահանվում, համաշխարհային կինոյի մասին մարդիկ գրեթե պատկերացում չունեին: Դիտում էին ինչ-որ այլասերված, անհասկանալի սերիալներ հեռուստացույցով, և՝ այդքանը: Այս պայմաններում մենք որոշեցինք ստեղծել կինոմթնոլորտ մեզ մոտ, առաջ բերել ստեղծագործելու մղում: Եվ այս նպատակից ծնվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հիմնադրելու ցանկությունն ու գաղափարը: Հիմա ստիպված ենք այլ ձևաչափով իրականացնել կինոփառատոնը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները: Իմ երիտասարդ կոլեգաներն այս միջոցներին ավելի լավ են տիրապետում, քան ես. նրանք իրենց ուժերը ներդրել են այս գործում և փորձում են ինչ-որ բան անել: Գիտեք, որ որոշվել է փառատոնն անցկացնել երկու մասով:
-Ի՞նչ սկզբունքով և ի՞նչ ժամանակացույցով կանցկացվեն փառատոնի երկու մասերը:
-Հուլիսի 12-19-ին կարվի «GAIFF Pro» արտադրական և կրթական հարթակը, այսինքն՝ կինոարտադրության, համագործակցության, համաարտադրության ծրագրերի հատվածը: Կարծում եմ՝ չեն հասցնի հուլիսին անել աստղերի բացման արարողությունը. նախ՝ ֆինանսավորումը ուշ եղավ, բացի այդ՝ մեծ անելիք ունեն կազմակերպիչները, բազմաթիվ են հոգսերը: Իսկ ժամանակ արդեն քիչ է մնացել:
-Ի՞նչ աստղեր են բացվելու այս տարի:
-Այս տարի պիտի բացվեն մեր հինգ հոբելյարների աստղերը՝ Հրանտ Մաթևոսյանի, Գրիգորի Մելիք-Ավագյանի, Աղասի Այվազյանի, Ռուբեն Գևորգյանցի, Առնոլդ Աղաբաբովի: Կարծում եմ, որ այս օրերին հատկապես «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հոգեպես կմխիթարի, կոգևորի շատ մարդկանց, որոնք կինոյով են ապրում:
-Ի՞նչ կասեք Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմի մասին:
-Պիտի վստահաբար ասենք, որ վերջին շրջանում հայ կինոն ունեցավ կարևոր ձեռքբերում: Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այդ նախագիծը քննարկվել է «Ոսկե ծիրանում» դեռևս 2014 թվականին: Ֆիլմը ֆինանսավորել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
-Առաջին հայկական ֆիլմը՝ «Բարև, ես եմ»-ը, այդ պատվին էր արժանացել մոտ կես դար առաջ: Փաստորեն, այսօր, մեծ ընդմիջումից հետո, կրկնվում է իրողությունը:
-Այո: «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը հայկական կինոնախագիծ է՝ հայ-ֆրանսիական-բելգիական համատեղ արտադրության: Ընդգրկված է Կաննի կինոփառատոնի դեբյուտների՝ «Առաջին ֆիլմեր» անվանակարգի մրցույթում:
-«Ոսկե ծիրանի» ի՞նչ ձևաչափ է նախատեսված նոյեմբերի 1-8-ին անցկացվելիք հատվածում:
-Եթե բացվեն ճանապարհները, եթե նահանջած լինի համավարակի վտանգը, Հայաստան կհրավիրվեն մի շարք ռեժիսորներ, կինոգործիչներ, որոնք այստեղ կցուցադրեն իրենց ֆիլմերը: Կհրավիրվեն ժյուրիների անդամները, որոնք կգնահատեն այդ ֆիլմերը: Կհրավիրվեն նաև մարդիկ, որոնք երկար տարիներ կապված են «Ոսկե ծիրանի» հետ: Աստված տա, որ մինչ այդ բացվեն ճանապարհները: Դժբախտաբար, մեր հանրությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ պատասխանատվության, կարգապահության, չունի զինվորական կարգուկանոնի ենթարկվելու դաստիարակություն: Մեր ժողովուրդն իրեն շատ անկիրթ պահեց այս օրերին: Մարդիկ արհամարհում են սահմանված բոլոր նորմերը, մի բան, որ շատ տխուր ու ցավալի փաստ է: Կարգուկանոնից այսքան հեռու ազգը, զարմանալի է, որ պատերազմի ժամանակ հավաքվում, դառնում է մի բռունցք ու պայքարում թշնամու դեմ: Թե ինչու են այսքան անտարբեր վերաբերվում կորոնավիրուսին, ես չեմ հասկանում:
-Պարզապես չեն գիտակցում, որ սա էլ է պատերազմ, որ այս դեպքում էլ է իրենց դեմ կանգնած հզոր թշնամի:
-Հենց դա տգիտության, անդաստիարակության, ապուշության մասին է վկայում:
(շարունակելի)
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ